«ՄԵՂՈՒ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

«ՄԵՂՈՒ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու համար, այն է՝ Հայաստանում ձևավորել կրթության նոր մշակույթ և համակարգված ներդրումներով աջակցել երկրում կրթության ոլորտի զարգացմանը:
 
2009 թ.-ից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում և 2010 թ.-ից նաև Արցախում մեծ հաջողությամբ կազմակերպում և անցկացնում է «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային մրցույթները: Հաշվի առնելով այս փորձ և ելնելով այն փաստից, որ աշխարհում շատ երկրներ կազմակերպում ու անցկացնում են նմանատիպ մրցույթներ տարբեր լեզուներից՝ «Այբ»-ը ձեռնամուխ եղավ ստեղծելու և 2014 թվականից ամեն տարի հոկտեմբերին անցկացնելու նմանատիպ մրցույթ հայերենից՝ երեխաների լեզվամտածողության և լեզվագիտական ունակությունների զարգացմանը նպաստելու նպատակով:
 
2014 թ.-ի հոկտեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ կողմերը պարտավորվեցին համագործակցել Հայաստանում «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող  «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու» մրցույթների և Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի անցկացման գործում։
 
«Մեղու 2014. հայերենը բոլորի համար» մրցույթն առաջին անգամ տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին։ Նրան մասնակցելու համար գրանցվել է Հայաստանի և Արցախի 962 դպրոցների 3-12-րդ դասարանների ավելի քան 44 700 աշակերտ:
 
Մրցույթն ամեն տարի կանցկացվի հոկտեմբերի վերջին հինգշաբթի օրը:

  • Համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:
  • Զարգացնել երեխաների լեզվամտածողությունը և լեզվագիտական ունակությունները:
  • Երեխաներին հնարավորություն տալ է´լ ավելի ամրապնդել իրենց գիտելիքները հայերենից:
  • Փորձ ձեռք բերել` թեստային նմանատիպ մրցույթներին մասնակցելու համար:
  • Օգնել երեխաների ներուժի բացահայտմանը և նրանց ինքնադրսևորմանը:
  • Նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը հայաստանյան և միջազգային առարկայական մրցույթներին ու օլիմպիադաներին:
  • Նպաստել ՀՀ կրթական համակարգում հայոց լեզվի զարգացմանն ու տարածմանը:
  • «Մեղուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
  • Մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ նրանց առաջադիմությունից:
  • Հարցերն ունեն լեզվամտածողական և լեզվագիտական ուղղվածություն:
  • Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
  • Մրցույթն անցկացվում է դպրոցում` երեխաների համար հարազատ միջավայրում:
  • Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
  • Մրցույթն իրականացվում է բոլոր դպրոցներում նույն օրը:
  • Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
  • Մրցույթի շնորհիվ հայոց լեզուն առավել գրավիչ ու սիրելի է դառնում երեխաների համար:

Մրցույթի սկզբունքն է` «նվեր բոլորին»: Բոլոր մասնակիցները, անկախ արդյունքներից, ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցույց տված երեխաներն արժանանում են նաև պատվոգրերի և խրախուսական մրցանակների, իսկ մրցույթի հաղթողները` ստանում գլխավոր մրցանակ, որն արժեքավոր նվեր է: Գլխավոր մրցանակը սահմանվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` կախված տվյալ տարվա ընդհանուր արդյունքներից և հաղթողների թվից: Հավաստագրեր են տրվում նաև մասնակից բոլոր դպրոցներին: